Լրբերը սրբեր են դառել,սերը սրբել են, տարել. Պարույր Սևա՞կ, թե՞ Ֆելիքս Խաչատրյան. ո՞վ է իրականում հայտնի մտքի հեղինակը

????????????

Նորություն չէ, որ համացանցում մեծ տարածում են գտնում տարբեր գրողների մտքեր, նրանց ստեղծագործություններից որոշակի հատվածներ, որոնք կարդալիս միանգամից հասկանում ես, թե որ գրողի մասին է խոսքը: Ամենահաճախ հանդիպողը Պարույր Սևակի ստեղծագործություններից տողեր են, որոնք բազմաթիվ հավանումներ և կիսումներ են ունենում: Հետաքրքրականն այն է, որ բավական երկար ժամանակ է, որ համացանցում մեծ տարածում է գտել հետևյալ միտքը. «Լրբերը սրբեր են դառել,սերը սրբել են, տարել»: Բոլորը միանշանակ այս մտքի հեղինակ համարեցին Պարույր Սևակին, լուսանկարներ տարածվեցին`Սևակի դեմքով և այս տողերով, ավելին` նման պաստառներ հայտնվեցին  անգամ մեքենաների վրա:

Հետաքրքրականն այն է, որ ոչ մեկ չփորձեց անգամ ստուգել` այս միտքն իրականում ում է պատկանում` Պարույր Սևակի՞ն, թե՞…

Օրեր առաջ բացահայտվեց  «Լրբերը սրբեր են դառել,սերը սրբել են, տարել» հայտնի արտահայտության իրական հեղինակը: Որքան էլ որ շատերի համար զարմանալի կթվա, սակայն իրականությունն այն է, որ  այս մտքի հեղինակն իրականում հաղորդավար, ռեփեր Ֆելիքս Խաչատրյանն է: Վերջինս «Լավ երեկո» հաղորդման շրջանակներում հաստատեց տեղեկությունը: Ֆելիքսի խոսքով` այս խոսքերը գրվել են Ռոլանդ Գասպարյանի հետ համատեղ երգի ժամանակ, որն այնքան էլ տարածված չէ (երգը կոչվում է «Ախր մի օր»): Ֆելիքսին նույնպես զարմացրել էր այն փաստը, որ իր արտահայտած միտքը վերագրել են Պարույր Սևակին:

Պարզվում է, որ ռեփերին նույնպես ժամանակին հետաքրքրել է` արդյո՞ք ինքը «կրկնօրինակել է» Սևակին, և դիմել է սևակագետներին, ովքեր հավաստիացրել են, որ Սևակը նման միտք չի հայտնել: Հավատալով հաղորդավար-ռեփերին, բայց ամեն դեպքում առաջնորդվելով «մեկ անգամ ստուգելն է ճիշտ» ժողովրդական հայտնի խոսքով` փորձեցինք հարցի վերաբերյալ պարզաբանում ստանալ սևակագետ, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայ նորագույն գրականության ամբիոնի վարիչ Սեյրան Գրիգորյանից: Վերջինս մեզ հետ զրույցում նույնպես նշեց, որ նման արտահայտություն չի հիշում Սևակի ստեղծագործության մեջ (նշեց, որ մեկ անգամ էլ կստուգի), ավելին` փաստեց, որ սա հերթական շփոթությունն է, որ տարածվել է համացանցային օգտատերերի շրջանում: «Այն, ինչ թանկ էր մի ժամանակ, հիմա դարձել է ոչինչ» հայտնի արտահայտությունը ևս վերագրում են Սևակին, մինչդեռ իրականում Սեյրան Գրիգորյանի խոսքով` ինքը ստուգել է և հավաստիացել, որ այս մտքի հեղինակը ևս Սևակը չէ:

Ամեն դեպքում, մենք ինքներս էլ փորձեցինք ուսումնասիրել Սևակի ստեղծագործությունները, որում, բարեբախտաբար, թե դժբախտաբար, չեմ կարող ասել, սակայն չգտանք այդ միտքը:

Աղբյուր