Գործարքն ավարտվեց. Նիկոլ Փաշինյանը կհայտարարի այդ մասին

Վաղը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիս է տալու, եւ կարելի է չկասկածել, որ նրան հարց են տալու, թե ինչի շուրջ է բանակցելու Իլհամ Ալիեւի հետ: Գլխավորը հարցը՝ Նիկոլ Փաշինյանը Արցախից բանակցությունների մանդատ ստացե՞լ է:

Արցախում մեր աղբյուրները վկայում են, որ Անվտանգության խորհուրդների համատեղ նիստին Նիկոլ Փաշինյանը Արցախի անունից բանակցելու մանդատ չի ստացել: Ավելի ճիշտ, այդպիսի մանդատն աննպատակահարմար են համարել, քանի որ վերահաստատվել է, որ 20 տարուց ավելի բանակցությունների առարկան ու էությունն աղավաղվել են հենց ձեւաչափի պատճառով:

Ձեւաչափը փոխվել է 1997 թվականին: Արցախին բանակցություններում կարգավիճակից զրկելու մեջ ընդունված է մեղավոր համարել Ռոբերտ Քոչարյանին: Քոչարյանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը պնդում է, որ ձեւաչափի փոփոխությունը տեղի է ունեցել նախքան Քոչարյանի՝ Հայաստանի վարչապետ նշանակվելը, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը մի քանի անգամ բանակցել է Ադրբեջանի նախագահի հետ առանց Արցախի:

Պետք է նշել, որ ձեւաչափի փոփոխության նախաձեռնողը Ադրբեջանն ու նրան հովանավորող երկրներն էին: 1995-96 թվականներին Ադրբեջանն ու Ռուսաստանը նոր քաղաքականության դիմեցին: Ռուսաստանը հասավ նրան, որ Հայաստանում իր բազան ստեղծվի, իսկ Ադրբեջանը սկսեց աշխատել հակամարտության էության աղավաղման ուղղությամբ՝ ինքնորոշման համար պայքարի չեզոքացում եւ  օկուպացիայի մեղադրանք Հայաստանին:

Հայաստանի վրա ճնշումն ուժեղանում էր, Տեր-Պետրոսյանը կամ պետք է զիջումների գնար, կամ էլ գտներ մեկին, որն իր վրա պատասխանատվություն կվերցներ զիջումների համար: Դրա համար ընտրվեց Ռոբերտ Քոչարյանը՝ այն ժամանակ Արցախի ընտրված նախագահը:

Հնարավոր է, Լեւոն Տեր-Պետրոսյանն ինքն է փորձել Արցախի անունից բանակցելու մանդատ ստանալ, բայց Ստեփանակերտում ղեկավարությունը կտրականապես հրաժարվել է: Եվ «գործարք» է կնքվել՝ չնայած Ռոբերտ Քոչարյանին բանակցելու համար մանդատ տալու վերաբերյալ ոչ մի իրավական ու քաղաքական փաստաթուղթ չի տրվել: «Գործարքի» էությունն այն էր, որ Հայաստանը կատարում է Ադրբեջանի պահանջը, բայց եւ Ալիեւը ստիպված է լինելու խոսել Արցախի ընտրված նախագահի հետ, որը եկել է Երեւան: Գործարքն իրականում մանիպուլյացիա էր, որն աղավաղեց հակամարտության էությունը:

Ստացվում է, որ Քոչարյանին օգտագործել են «գործարքի» համար, ընդ որում, նա չի հրաժարվել եւ փաստացի ուզուրպացրել է Արցախի անունից բանակցելու մանդատը: Ուզուրպացրել է, քանի որ չի եղել փաստաթուղթ, որով Քոչարյանը ստացել է այդ մանդատը:

Դա իներցիայով շարունակվել է նաեւ Սերժ Սարգսյանի նախագահության ժամանակ, չնայած նա բանակցություններից առաջ ցուցադրաբար Ստեփանակերտ էր գնում, հնարավոր է, հույս ունենալով, որ Արցախում կհամարձակվեն հայտարարել, որ Երեւանը բանակցելու մանդատ չունի:

Բայց Ստեփանակերտում էլ էին լռում, բանակցությունները շարունակվում էին աղավաղված ձեւաչափով, մինչեւ Հայաստանում չփոխվեց իշխանությունը եւ չհայտնվեց մեկը, որը չի ցանկանում ուզուրպացնել Արցախի մանդատը: Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Արցախի անունից չի բանակցելու: Գործարքն ավարտվեց՝ Նիկոլ Փաշինյանին մանդատ պետք չէ, Ստեփանակերտը մտադիր չէ որեւէ մեկին մանդատ տալ:

Սա կարելի է անվանել ուզուրպացիայի ավարտ: Նիկոլ Փաշինյանը բանակցությունների կգնա առանց մանդատի, արձանագրելով գործարքի ավարտը:

ԴԻՏԵԼ